Ռուսաստանն առաջարկել է ՌԴ-ում աշխատող միգրանտներին արգելել աշխատանքի ընդունվել գործատուի հետ կնքված պայմանագրից դուրս։ Համապատասխան օրինագիծը մշակել է երկրի աշխատանքի նախարարությունը, գրել է «Известия»-ն՝ գերատեսչությանը հղումով։
Օտարերկրացիները, ըստ օրինագծի, կարտաքսվեն Ռուսաստանից, եթե աշխատանքի ընդունվեն իրենց «պրոֆիլից դուրս»։ Խոսքն աշխատանքային միգրանտների մասին է, որոնք Ռուսաստան են ժամանել կազմակերպչական հավաքագրման շրջանակներում և ըստ թույլտվությունների նշանակված են կոնկրետ գործատուի մոտ։
«Այս միջոցը կոչված է վերացնելու այն դեպքերը, երբ օտարերկրյա քաղաքացիները, օրինակ, շինարարական ընկերության հրավերով Ռուսաստանում հրաժարվում են աշխատանքից՝ հօգուտ այլ գործատուի, մինչդեռ հրավիրող կողմն արդեն կրել է նրան աշխատանքի ընդունելու ծախսերը՝ ներառյալ ավիատոմսերի»,- լրատվականին հայտնել են ՌԴ աշխատանքի նախարարությունում։
Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության 2023 թվականի մայիսի տվյալների համաձայն՝ 2023 թվականի առաջին եռամսյակում աշխատանքի նպատակով Ռուսաստան է մուտք գործել 1,3 միլիոն օտարերկրացի։ Հայաստանից Ռուսաստան աշխատելու է մեկնել 47 337 մարդ։
ՀՀ ՊԵԿ-ը փետրվարի 16-ին հայտնել էր, որ աշխատանքային միգրանտները պետք է վճարեն եկամտահարկի տարբերությունն այլ երկրներում իրենց ստացած եկամտի դիմաց։ Փետրվարի 22-ին ՊԵԿ-ը հայտարարել էր Հայաստանում հարկերից ազատելու օրինագիծ մշակելու մասին այն աշխատանքային միգրանտներին, ովքեր եկամուտ են ստացել այլ երկրներում։ Գեղարքունիքի բնակիչները փետրվարի 21-ին ՊԵԿ-ի որոշման դեմ բողոքի ակցիա էին իրականացրել։ Փետրվարի 23-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում ժամանակավոր միջոց էր անվանել աշխատանքային միգրանտների հարկումը սառեցնելու որոշումը։