Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ճգնաժամը կհանգեցնի արմատական փոփոխությունների մարդկային գործունեության բոլոր ոլորտներում։ Նման կարծիք է հայտնել «Տրոյկա դիալոգ» ընկերության հիմնադիր, ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա կարծիքով՝ ներկայիս իրավիճակը հանգեցնելու է տնտեսական, սոցիալական, հոգեբանական, մշակութաբանական, վարքագծային հետևանքների։
«Այս ճգնաժամը նոր ճգնաժամեր բացելու խթան է, որոնք, ցավոք, դժվար կլինի կանգնեցնել»,- ասել է Վարդանյանը:
Նա նշել է, որ այն ձևաչափը, որում մարդիկ ապրել են մինչև կորոնավիրուսի սկիզբը, այլևս չի վերադառնա։ Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ բոլորը կնստեն վառարանի մոտ և գրքեր կկարդան լույսի տակ։ Սակայն մարդիկ կհասկանան ընտանիքի կարևորությունը՝ որպես հենակետ:
«Եվ մենք կտեսնենք մեծ քաղաքներից դեպի փոքր քաղաքներ հետադարձ՝ միգրացիա», – մեջբերում է գործարարի խոսքը պարբերականը։ Վարդանյանը նաև կարծիք է հայտնել, որ ճգնաժամը կստիպի շատ տարբեր էլիտաների շփվել միմյանց հետ, այլ ոչ թե ապրել պետական պաշտոնյաների կամ գործարարների առանձին թունելներում: Գործարարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում պետք է աջակցել մարդկանց հսկայական զանգվածին, որոնք աշխատում են ոչ մեծ ընկերություններում, որոնք «վաղը պարզապես կդադարեն գոյություն ունենալ»:
Դա անհրաժեշտ է, որպեսզի կանխենք զանգվածային գործազրկությունը՝ նման նրան, ինչ եղել է 1930-ական թվականներին ԱՄՆ-ում.
«Հիմա պետք է փրկել հարյուր հազարավոր մանր ընկերությունների։ Փրկության միակ տարբերակը պարզապես հարկային արտոնություններ տալը կամ վարկերի մարման հետաձգումը չէ։ Ամենակարևորը՝ պետք է շարունակել պատվիրել բոլոր այդ ծառայությունները, որպեսզի մարդիկ շարունակեն թողարկել այդ արտադրանքը, այդ ծառայությունները: Պետությունը ստիպված կլինի դառնալ մեծ հաճախորդ, որը պարտավոր կլինի պահպանել շատ ապրանքների պահանջարկը»,- ասել է Վարդանյանը։