Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը, հայտնում է Վարդանյանի գրասենյակը։
«21-օրյա լիակատար մեկուսացումից հետո այսօր նրան թույլ է տրվել խոսել կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: Ընտանիքը վերջապես հնարավորություն է ունեցել խնդրել Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով նրա առողջական վատթարացող վիճակը»,- նշում է ընտանիքը:
Գրասենյակից մանրամասնում են, որ ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի նկատմամբ ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին:
«Տեղեկանալով հայ բանտարկյալներին ազատելու գլոբալ շարժման մասին և անսալով ընտանիքի խնդրանքներին՝ Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հացադուլը Վարդանյանն սկսել էր ապրիլի 5-ին: Դատական նիստն ի սկզբանե սպասվում էր հունվարին, սակայն առանց որևէ հիմնավորման հետաձգվել էր մինչև մայիս:
«Մենք լրջորեն մտահոգված ենք հորս առողջության վատթարացող վիճակով, թեպետ ամենևին էլ զարմացած չենք նրա խիզախությամբ: Ցավոք, նրա պահման պայմանները միմիայն վատթարանում են»,- ասել էր Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին։
Նա հույս էր հայտնել, որ միջազգային ուշադրությունը կհանգեցնի մոտ ապագայում Վարդանյանի և մյուս հայ գերիների ազատ արձակմանը:
Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ապրիլի 20-ին հայտնել էր, որ Վարդանյանն ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Վարդանյանին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետում գերեվարել էին 2023-ի սեպտեմբերի 27-ին ու նույն օրը ձերբակալել։ Սեպտեմբերի 28-ին դատարանը Վարդանյանին 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել՝ «ահաբեկչության ֆինանսավորման», «ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծման, դրանց գործունեությանը մասնակցելու» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու» շինծու մեղադրանքներով։ Հայաստանի կառավարությունը Վարդանյանի գերեվարման հարցով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Հունվարի 25-ին Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը 4 ամսով երկարաձգել էր Վարդանյանի և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության կալանքների ժամկետները։