Մայիսի 8-ի՝ ժամը 18։00-ի դրությամբ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը 5-րդ օրը շարունակում է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից մեկնարկած երթը դեպի Աբովյան քաղաք, որտեղից էլ՝ Երևան։
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի երթի մասնակիցները, որոնք դեմ են Տավուշում սահմանազատման գործընթացին, կանգ կառնեն Երևանի մուտքի մոտ, իսկ մայիսի 9-ին կհասնեն Երևան, որտեղ նույն օրը՝ ժամը 16:00-ին, Հանրապետության հրապարակում համազգային հանրահավաք է նախատեսվում։
Այսօր մեկնարկած երթին միացել են մշակութային, հասարակական գործիչներ։ Սրբազանը հայտարարել է, որ տարբեր հատվածներում իրենց մարդիկ են սպասում, որպեսզի միանան երթին։
Քայլերթին միացողների թվում է նաև արևելագետ Գուրգեն Մելիքյանը։ Վերջինս չի կարողացել զսպել հուզմունքը։
Բագրատ Սրբազանը երթի ընթացքում լրագրողներին հայտնել է, որ իրենց միացել են աշխարհի տարբեր ծայրերից, նաև աջակցության խոսքեր հայտնել։
«Մարդիկ նստել են օդանավ և ժամանել Հայաստան։ Անգամ միանգամից օդանավակայանից են գալիս։ Սա ցույց է տալիս, թե մեր Սփյուռքի հայրենակիցների մոտ որքան մեծ սպասում կա։ Ես շնորհակալ եմ լիարժեք աջակցության համար։ Այս ընթացքում քայքայումների, ատելության, տարանջատումների, բաժանումների, թշնամության մթնոլորտը նաև Սփյուռք են ներմուծել։ Բայց հորդորում եմ մի կողմ թափել այդ բարիկադները, թույնը թող չքայքայի ձեզ որևէ հարաբերությունում»,- նշել է Սրբազանը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ է սկսել դեպի Երևան: Կազմակերպիչները նախատեսում են երթով Երևան հասնել մայիսի 9-ին:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։