Այսօր՝ մարտի 31-ին, Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց այն ուղիներն ու մեթոդները, որոնցով փորձում են կանխել կորոնավիրուսի տարածումը:
Ավինյանը նշեց, որ առաջին փուլում հայտնաբերում և մեկուսացնում են վարակակիր անձանց, պարզում նրանց հետ կոնտակտ ունեցած անձանց շրջանակը, նրանք ևս մեկուսացվում են:
Երկրորդ բլոկը, ըստ Ավինյանի, վերաբերում էր գործունեության տեսակների սահմանափակումներին և մարդկանց տեղաշարժի սահմանափակումներին: Պարետը շեշտեց՝ այս երկու բլոկի միասնական ներգործությունն այս փուլում տալու է դրական արդյունք:
Անդրադառնալով սահմանափոկումները 10 օրով երկարաձգելուն՝ Ավինյանը նշեց․
«Սահմանափակումները ևս 10 օրով երկարաձգելը թույլ է տալու կանխարգելման ու մեկուսացման աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնել, էֆեկտիվորեն հայտնաբերել այն անձանց, որ վարակակրի հետ ունեցել են շփումներ և ինքնամեկուսացնել, մեր նպատակն է դրանց համահունչ ավելացնել թեստավորման քանակները և նվազեցնել սահմանափակումները»։
Պարետը նաև հայտնեց, որ այս կիրակի մարդկանց տեղաշարժի առումով ունեցել են բացառիկ ցուցանիշ, որը վարակի տարածման առումով դրական դեր ունի, բայց հասկանում են, որ այդ սահմանափակումներն անվերջ չեն կարող լինել:
«Մենք գնում ենք այն երկրների օրինակով, որ կարողացել են էֆեկտիվ և նոր լուծումներով հաղթահարել այս վիճակը: Հետագա 10 օրերին կարող է կրկին մարտավարություն փոխվել, սահմանափակումներն ավելի են խստացվելու, վերահսկողությունը պետք է ավելի արդյունավետ դարձնենք, ոստիկանական ուժերին միացնելու ենք նաև այլ կառույցներից ուժեր, քանի որ դա իրապես ծանր աշխատանք է»,- նշեց պարետը՝ հավելելով, որ կիրառելու են նաև տարբեր տույժեր ու տուգանքներ։