Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ ժամանակավորապես սահմանափակվել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը գյուղ:
Գերատեսչությունն այդ որոշումը բացատրել է անվտանգության նկատառումներով և «օպերատիվ անհրաժեշտությամբ»՝ տեղեկացնելով, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են ՀՀ պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:
Մայիսի 19-ին ավելի վաղ «Ազգային ճակատը» հայտնել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին իրավապահներն արգելում են մուտք գործել Կիրանց։ Ավելի ուշ հայտնել էին, որ ոստիկանները շարունակում են փակ պահել դեպի Կիրանց գյուղ տանող ճանապարհը, իսկ պատգամավորները շրջանցիկ արահետներով փորձել են անցնել Կիրանց։
15:55
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խանոյանը հայտնել է, որ բնակավայր են հասել այլընտրանքային ճանապարհով՝ շրջանցելով ոստիկաններին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ զիջումներին։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։