ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողներին հայտնել է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խիստ զարմացել է, երբ իմացել է, որ Էլեն Աղասյանին հանձնարարել են հյուրանոցի իր համարում գաղտնալսող սարք տեղադրել։
«Բագրատ Սրբազանը շոկի մեջ է եղել, երբ իմացել է, թե կոնկրետ ով է փորձել տեղադրել այդ սարքը։ Նա մինչև հիմա էլ չի կարողում հավատալ, որ այդ անձնավորությունը կարող էր նման քայլի գնալ։ Սրբազանը երկար տարիներ իր և իր ընտանիքին օգնել է»,- ասել է պատգամավորը։
Աղասյանի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը Դանիելյանն «աբսուրդ» և «ծիծաղելի» է որակել: Ըստ պատգամավորի՝ նրան ոչ ոք չի վիրավորել, որևէ ճնշում չի գործադրել նրա վրա։
«Մենք ընդամենը հրավիրել ենք անվտանգության աշխատակիցներին, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում, ինչը բնական է»,- նշել է Դանիելյանը:
Մայիսի 27-ին Դատախազությունը քաղաքացուց հաղորդում էր ստացել մայիսի 25-ին «Անի գրանդ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի գործով։ Armenia Today-ին դատախազությունից հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (հոգեկան ներգործութունը՝ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելը, պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով- խմբ)։
Մայիսի 25-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնել էր, որ «Անի գրանդ» հյուրանոցի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի համարում փորձել են գաղտնալսող սարք տեղադրել։ Ըստ շարժման տելեգրամյան ալիքի՝ «Անի գրանդ» հյուրանոցի Գալստանյանի համարում գաղտնալսող սարք տեղադրելու մտադրությամբ ներքևի հարկից ծակել են հատակը։ Ահազանգից հետո հյուրանոցի համար են մտել ոստիկաններ ու ԱԱԾ աշխատակիցներ, որոնք այնուհետև համարից ուղեկցել են մի կնոջ։ ԶԼՄ-ները հայտնել էին, որ այդ կինը ՊՆ-ի նախկին, ԱԱԾ-ի ներկայիս աշխատակից Հեղինե (Էլեն) Աղասյանն է։