«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ քաղաքացիները մայիսի 29-ին Սուրբ Աննա եկեղեցուց երթով շարժվել են ՀՀ ներքին գործերի նախարարություն։ Նրանք բացատրություն են պահանջելու ոստիկանական գործողությունների, մասնավորապես նաև Մայիսի 28-ին Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մուտքը հուշահամալիր խոչընդոտելու վերաբերյալ։
«Երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը։ Իրենց վարքը պետք է մեզ բոլորիս չզարմացնի։ Ո՛չ իրավական, ո՛չ բարոյական իմաստով իրենք գոյություն չունեն։ Հիմա ուղիղ հրահա՞նգ էր այդ մարդուց, թե՞ ուղիղ հրահանգ էր դրսից՝ հետևողականորեն իրենց մտածումների արտահայտությունն է, թե ինչ վերաբերմունք ունեն մեր արժեքների նկատմամբ, եկեղեցու, մեր կյանքի նկատմամբ։ Գնալու եմ ՆԳՆ՝ բացատրություն ստանալու այս ամբողջ գործածի համար։ Հարցադրում կանեմ՝ նախարա՞րն է հրաման տվողը, թե իրեն են հրաման տալիս»,- հայտարարել է արքեպիսկոպոսը։
Ժամը 10։00-ի դրությամբ շարժումը ՆԳՆ շենքի դիմաց է։ «Ազգային ճակատը» հայտնել է, որ ոստիկանական մեծաքանակ ուժեր են կուտակվել ՆԳՆ բոլոր մուտքերի մոտ։
Բագրատ Սրբազանը հանդիպում է պահանջում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ։
«Մեր պահանջն է, որ դուք հիմա իջնեք ներքև և այսքան ժողովրդի առջև պատասխան տաք Ձեր արածների համար»,- հայտարարել է Սրբազանը։
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ՆԳՆ շենքի մոտ ակցիայի մասնակիցներին և լրագրողներին հայտնել է, որ նախարարն այս պահին հանդիպման է և չի կարող հանդիպել Սրբազանի հետ։
Նա մեկնաբանել է կաթողիկոսի հետ կապված միջադեպը։
«Եղել է արարողակարգային միջոցառում։ Այդ արարողակարգի հետ կապված պարզաբանումներ են կատարվել, ինչից հետո կաթողիկոսի մուտքը թույլատրվել է»,- ասել է խոսնակը։
ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանն իր հերթին ՆԳՆ շենքի մոտ տեղեկացրել է, որ գերատեսչությունում ոստիկանների կողմից թույլ տրված իրավախախտումների դեպքերով ծառայողական քննություններ են ընթանում։
Մարտիրոսյանի խոսքով, սակայն, Սարդարապատում կաթողիկոսի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի իրականացվում։
10։54
ՆԳՆ մամուլի քարտուղարը հայտարարեց, որ «ՆԳ նախարարը պատրաստ է ընդունելու Բագրատ Սրբազանին, բայց ոչ այս ֆորմատով»։ Սրբազանը, սակայն, նշեց, որ համաձայն չէ առանձին հանդիպել ՆԳ նախարարին և հանդիպումը պետք է հանրային լինի։
Մայիսի 28-ին սոցցանցերում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ոստիկանները փորձել խոչընդոտել կաթողիկոսի և հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Ավելի ուշ Ռուբեն վարդապետ Զարգարյանը տեղեկացրել էր, որ հուշահամալիրից հեռացրել են կաթողիկոսի դրած ծաղկեպսակը։ «Շողակաթ» հեռուստաընկերության տարածած կադրերում երևում էր, որ ոստիկանները մի քանի անգամ պատ են կազմում Գարեգին Բ-ի ու մյուս հոգևորականների դիմաց՝ փորձելով թույլ չտալ նրանց մուտքը հուշահամալիրի տարածք։
Մայիսի 26-ին շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարեցին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։
Շարժումը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Մայիսի 13-ից 16-ը անհնազանդության ակցիաներ էին իրականացվել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը։