«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ժամը 16։20-ի դրությամբ Երևանում շարունակում է բողոքի ակցիաները, որոնք վերսկսել էր մայիսի 30-ի վաղ առավոտից։
Armenia Today-ի թղթակիցը հայտնում է, որ քաղաքացիները շարունակում են մնալ կառավարության շենքի բոլոր մուտքերի մոտ։
Ցուցարարների մեծ մասը՝ շարժումը գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, այս պահին կենտրոնացած է Բյուզանդի և Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկում՝ կառավարության շենքի մուտքը փակող ոստիկանական շղթայի դիմաց։
ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Armenia Today-ին հայտնել են, որ ժամը 16։00-ի դրությամբ բերման ենթարկված նոր քաղաքացիներ չկան։ Ժամը 12։30-ի դրությամբ հայտնել էին 9 բերման ենթարկվածի մասին։
Շարժումը գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքացիներին կոչ է արել աշխատանքային օրվա ավարտից` 18:00-ից հետո գալ Հանրապետության հրապարակ` կառավարության շենքից Փաշինյանի ելքը խոչընդոտելու նպատակով:
Քաղաքացիները կառավարության մոտ նաև ծառերով ակցիա են իրականացրել։
«Քանի որ Փաշինյանը պնդում է, որ ծառը կարող է անվտանգություն ապահովել, առաջարկում ենք բերետների փոխարեն ծառեր տնկել»,- հայտարարել է ակցիայի մասնակից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Շարժումը մայիսի 30-ի վաղ առավոտից բողոքի ակցիաներ է իրականացնում Երևանում, իրավիճակը պարբերաբար լարվում է մայրաքաղաքի տարբեր փողոցներում, մասնավորապես՝ Հանրապետության հրապարակում։ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քաղաքացիները երթով շարժվել էին հրապարակ՝ արգելափակելու կառավարության շենքը, ուր նիստ էր անցկացվում։ Նման կոչ նա արել էր մայիսի 29-ին։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։