Սուրբ Աննա եկեղեցու բակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առավոտյան երթով այցելել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Շարժման առաջնորդները նախապես չեն հայտարարել, թե ուր են գնում։ Շարժումը գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը միայն նշել էր, որ «շատ կարևոր տեղ են գնում»։
«Այցելել ենք ՄԻՊ գրասենյակ, որպեսզի մեր հարցումներին պատասխան տան ու նաև ասեն՝ այս ամբողջ ընթացքում ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքների՞ն, թե՞ այլոց»,- գրասենյակի մոտ հայտարարել է Սրբազանը։
Նա նշել է, որ ՄԻՊ հանրային կապերի բաժնի պատասխանատու Արթուր Ասլանյանը համաձայնել է հանդիպել շարժման ներկայացուցիչներին։
«Իմացանք, որ ՄԻՊ խոսնակը գալիս է հանդիպման։ Հիմա տեսեք տարբերությունը, բոլոր գերատեսչությունների դիմաց ոստիկանական ահռելի շարքեր էին, ՄԻՊ-ի դիմաց չկան։ Կա՛մ ՄԻՊ-ն իրենց աչքում կարևորություն չունի, կա՛մ ուզում են ցույց տալ, որ ՄԻՊ-ն իսկապես ծառայում է մարդկանց»,- ասել է Սրբազանը։
Ավելի ուշ Ասլանյանը շարժման առաջնորդներին ու աջակիցներին հայտնել է, որ ՄԻՊ-ը պատրաստ է ընդունել Սրբազանին և մինչև 4 քաղաքացու։
«Այս պահին ՄԻՊ-ը պատրաստ է ընդունել Բագրատ Սրբազանին և մինչև 4 քաղաքացու, լրագրողները չեն կարող ներկա գտնվել հանդիպմանը։ Հանդիպումից հետո կարող ենք հեռախոսով քննարկել այն լրատվամիջոցների հետ»,- ասել է Ասլանյանը։
Շարժման առաջնորդները պահանջում են, որ լրագրողները ներկա լինեն հանդիպմանը։
«Մենք պահանջում ենք, որ ՄԻՊ-ն իջնի և ներքևում մեզ հետ հանդիպի։ Չի իջնում ու ավելին՝ պահանջներ է դնում։ ԶԼՄ-ները պետք է անպայման ներկա գտնվեն հանդիպմանը»,- նշել է շարժման անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա խնդրել է ԶԼՄ-ների ներկայության մասին պահանջը ներկայացնել ՄԻՊ-ին։ Այս պահին շարժման առաջնորդներն սպասում են ՄԻՊ-ի պատասխանին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։