Երևանում հունիսի 7-ին մեկնարկել է «Երևանի գինու օրեր-2024» փառատոնը։ Մինչև հունիսի 9-ը շարունակվող ամենամյա փառատոնին մասնակցում է ավելի քան 700 գինի արտադրող, ռեստորան, բար: Փառատոնին առաջարկել են նաև գինու տուրեր՝ Հայաստանում։
Թեթև երաժշտությամբ, գինու բույրով և հունիսյան տաք, թեև տեղ-տեղ անձրևոտ երեկոներով լի փառատոնը տեղակայված է Մոսկովյան, Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում:
Armenia Today-ի նկարահանող խումբը ներկա է գտնվել փառատոնին, փորձել է ֆիքսել մասնակիցների հույզերն ու փոխանցել փառատոնի տրամադրությունը:
Մասնակիցներին կազմակերպիչներն առաջարկել են 3000-ից մինչև 12 000 դրամ արժողության տոմսեր, որոնք հնարավորություն են տալիս համտեսել գինիներն ու նրանց համար առաջարկվող նախուտեստները:
Փառատոնի համար նախատեսված բեմում ելույթ են ունեցել տարբեր ժանրեր ներկայացնող արտիստներ․ հնչել է ավանդական ժողովրդական երաժշտություն (Artsakh voices, Ethno Colors, Meghu, Yereone project, Sarin, Dream Beat Band), ջազ (Artsakh Jazz Band, Sona Gyulkasyan & Rafael Petrossian Jazz Connection, Funkabout)։ Ելույթ են ունեցել երաժիշտներ, երգիչներ, դիջեյներ, խմբեր (USA Band Sihasin):
Հունիսի 9-ի երեկոյան՝ 21։00-21։50-ն, նախատեսված է երաժիշտ Միքայել Ոսկանյանի համատեղ ելույթը DJ Beatman-ի հետ: Որտեղ Ոսկանյանն է, սպասեք ժամանակակից ավանգարդ-ֆոլկ կոմպոզիցիաների, որոնցում զարմանալիորեն համադրվում են ջազը, հայկական ֆոլկը, ռոքը, Ֆանկը և world music-ը:
Փառատոնում տեղի է ունեցել նաև երիտասարդ խոհարարների մրցույթ, որի արդյունքները կներկայացվեն այսօր՝ հունիսի 9-ին, փառատոնի վերջին օրը:
Փառատոնի շրջանակում «Bucket List DMC & Travel» ընկերությունը, համագործակցելով «ԷվենտՏուրա» ընկերության հետ, առաջին անգամ ներկայացնում է YereWine Days Tours գինու տուրը, որն է՝ հարուստ համային տեսականի, լավագույն հայ գինեգործներին, ինչպես նաև հայկական գինու պատմությունն ու ավանդույթները: Փառատոնի վերջին օրը կազմակերպիչները խոստացել են մասնակիցներին մրցանակներ շնորհել: