International Press Institute-ը (Մամուլի միջազգային ինստիտուտ) Հայաստանի իշխանություններին կոչ է արել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաների ժամանակ տուժած ԶԼՄ ներկայացուցիչների հարցով անհապաղ հետաքննություն իրականացնել։
«Մենք մտահոգված ենք, որ հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով տեղի ունեցած բողոքի ակցիաների լուսաբանման ժամանակ ոստիկանության գործողությունների հետևանքով վնասվածքներ է ստացել ԶԼՄ ավելի քան 10 ներկայացուցիչ: Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննել այս միջադեպերը, ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ ԶԼՄ-ների բոլոր աշխատակիցների համար»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։
IPI միջազգային կազմակերպությունում շեշտել են՝ «անկախ բողոքի ցույցերի բնույթից՝ իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ուժի կամ բռնության ցանկացած կիրառում անթույլատրելի է»։
«Յուրաքանչյուր ոք, ով պատասխանատվություն է կրում ավելորդ ուժի կիրառման համար, պետք է պատասխանատվության ենթարկվի»,- հայտարարել է IPI-ի փոխտնօրեն Սքոթ Գրիֆենը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ, այդ թվում՝ լրագրողներ և օպերատորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Հունիսի 14-ին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել էր։