«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Աշնակ գյուղի հատվածում «առանց թույլտվության» կառուցվող նոր գազալցակայանը պատկանում է Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի ղեկավար, ՔՊ ներկայացուցիչ Տավրոս Սափեյանի հորեղբորը, հայտնում է «Հրապարակ»-ը։ Կառուցման թույլտվության համար նա դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Սափեյանը «Հրապարակ»-ին հաստատել է, որ լցակայանը պատկանում է իր հորեղբորը՝ Ժորա Սափեյանին, սակայն այս պահին դեռևս չունեն շահագործման թույլտվություն:
«Հորեղբայրս դիմել է վարչապետին, որպեսզի թույլտվություն ստանա: Նա մեկ այլ լցակայան ուներ, որը դուրս էր մնացել ճանապարհից, դրա համար էլ նորն է կառուցել»,- ասել է Սափեյանը:
«Հրապարակ»-ը հիշեցրել է, որ դեռևս 2023 թվականին պայթյուն էր տեղի ունեցել «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, ինչի հետևանքով 3 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր ստացել:
«Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասը պատկանում է Թալին համայնքի ղեկավարի հորեղբորը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, մյուս 50 տոկոսը՝ Էդիկ Սափեյանին` Տավրոս Սափեյանի հորը: Գազալցակայանը գտնվում է Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ին, որը «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման պատճառով հայտնվել է գլխավոր ճանապարհից դուրս: