ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները նոյեմբերի 28-ին ձյան առատ տեղումների հետևանքով ճանապարներին արգելափակված 37 ավտոմեքենա են դուրս բերել, հայտնել է ծառայությունը։
Փրկարարները 43 քաղաքացու օգնություն են ցուցաբերել։
Գերատեսչությունը տեղեկացրել է նաև, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Տաշիր-Բլագոդարնոյե, Սարատովկա-Նովոսելցովո և Տաշիր-Դաշտադեմ ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (մերկասառույց) կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
Տիգրանաշենի ոլորաններում, «Զանգեր» կոչվող հատվածում, Աշոցքի տարածաշրջանի և Սևանի ՃՈ հենակետից Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Գորիս քաղաքում մառախուղ է։
Եղանակային պայմանների վատթարացման պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել էր նոյեմբերի 26-ին։