Երևանում Գերմանիայի դեսպանատան մոտից ոստիկանության բաժին տեղափոխելիս պարեկները մարմնական վնասվածքներ են պատճառել 3 քաղաքացու, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին։ Նշվում է, որ ժամը 13։00-ի սահմաններում դեսպանատան մուտքի մոտ հերթը խախտելու շուրջ ծագած տարաձայնության ժամանակ դեսպանատան աշխատակիցներն ահազանգել են ոստիկանություն, և պարեկային ծառայողները բռնություն գործադրելով՝ քաղաքացիներին տեղափոխել են ոստիկանության բաժին:
«Գերմանիայի դեսպանատնից ոստիկանների կողմից բռնության և ծեծի ենթարկվելու հետևանքով «ձախ դաստակի վնասվածք» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 62-ամյա Է․ Հ-ն, «ձախ արմունկհոդի և աջ ճաճանչ դաստակի վնասվածք» ախտորոշմամբ նույն բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 60-ամյա Վ․ Ա-ն և «աջ ճաճանչ-դաստակային հոդի վնասվածք» ախտորոշմամբ՝ 48-ամյա Ք. Ա-ն»,- գրել է կայքը։