Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկու նոր մեդալ է ապահովել։
«Իր փայլուն ելույթների շարքը շարունակում է 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը։ Այս անգամ մեր մարզիկի հարվածներին չդիմացավ շվեդ Համպաս Բռոմանը։ Ճիշտ է մենամարտը բավականին բարդ ստացվեց, բայց Լոռու մարզը ներկայացնող բռնցքամարտիկը գրագետ մարտավարության շնորհիվ կարոցացավ մենամարտն ավարտել իր օգտին։ Կիսաեզրափակիչում հայ մարզիկը կմրցի ադրբեջանցի Ջալալ Գուրբանովի հետ»,-հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Ըստ Ֆեդերացիայի՝ հաջորդ մեդալն ապահովել է 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը։
«1/4 եզրափակիչում մեր մարզիկը մրցել է Լեհաստանը ներկայացնող Պավել Բրաչի հետ և հաղթել 3:2 հաշվով։ Կիսաեզրափակիչում հայ մարզիկը կմրցի թուրք Էն Գիզենի հետ»,-նշվում է հաղորդագրության մեջ։