Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մեկնարկին հաշված օրեր են մնացել: Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ու գրեթե 95 տոկոսով ավարտվել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են առաջնության կազմակերպիչները:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցել են Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետությունում նմանօրինակ մեծ միջոցառում վաղուց չենք հյուրընկալել: Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է՝ հաստատված է 39 երկրների պատվիրակությունների ժամանում մեր երկիր: Մարզիկների թիվը գերազանցում է 200-ը, իսկ պատվիրակությունների անդամների հետ այն կգերազանցի 400-ը: Առաջնության հյուրերի թվում են լինելու մարզաձևի միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի ու Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարները:
Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կկայանա կիրակի օրը՝ մայիսի 22-ին, և կմեկնարկի ժամը 21:00-ին: Կազմակերպիչները հանդիսականներին հորդորում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լինել արդեն 20:20-ից, քանի որ դրանից հետո երկրպագուների տեղաշարժը սահմանափակվելու է:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շեշտել է՝ բացման տպավորիչ արարողություն է սպասվում. «Մեր աշխատանքների 95 տոկոսն արդեն կատարված է թե՛ մարզական առումով, թե՛ բացման արարողության հետ կապված: Շատ գեղեցիկ բացման արարողություն է լինելու, որից հետո՝ գիշերը, կտեղադրվեն երկու ռինգերն ու մայիսի 23-ից արդեն կմեկնարկեն նախնական մենամարտերը: Դրանք կտևեն մինչև մայիսի 27-ը: Մայիսի 28-ը կլինի ազատ օր, մայիսի 29-ին կկայանան կիսաեզրափակիչները, իսկ 30-ին՝ եզրափակիչները»:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ևս խոսել է մեդալային սպասելիքների մասին. «Առնվազն ակնկալում ենք, որ մեր մարզիկները կապահովեն մեր լավագույն արդյունքի կրկնությունը, ինչը երկու ոսկե մեդալն է: Հուսով եմ՝ կհաջողվի նաև գերազանցել այդ արդյունքը»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կանխատեսմամբ՝ երեք ոսկե մեդալը գերազանց արդյունք կհամարվի. «Եվրոպայի մեկ առաջնությունում երկու չեմպիոնից ավելի չենք ունեցել: Այնպես որ, եթե կարողանանք այս անգամ գերազանցել մեր լավագույն արդյունքը, հիանալի կլինի»:
Կազմակերպիչների խոսքով՝ Եվրոպայի առաջնության անցկացման և բարձր արդյունքների ապահովման գործում մեծ է լինելու նաև երկրպագուների դերակատարությունը:
Նշվել է, որ Երևանում կայանալիք առաջնության տոմսերն արժեն 2000, 5000, 8000 և 10 հազար դրամ: Դրանք հնարավոր է ձեռք բերել ticketon.am կայքից:
Հիշեցնենք՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը կկայանա մայիսի 21-30-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: Հայաստանը ներկայացուցիչներ կունենա բոլոր 13 քաշային կարգերում: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: