Ֆուտբոլի աշխարհի առաջնության Մարոկկո-Պորտուգալիա խաղից հետո Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անկարգություններ, բախումներ են եղել, ոստիկանությունն արցունքաբեր գազ, հատուկ միջոցներ է կիրառել, կան նաև ձերբակալվածներ: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին:
Նշվում է, որ Փարիզում ոստիկանության հետ բախումից հետո Մարոկկոյի մոտ 40 երկրպագու է ձերբակալվել:
Շաբաթ երեկոյան Ելիսեյան դաշտերում՝ մարզական երկրպագուների ավանդական հավաքատեղիում, ոստիկանությունը սկսել է ցրել Մարոկկոյի հավաքականի երկրպագուներին, որոնք տոնել են հավաքականի հաղթանակը: Այլ լրատվամիջոցների տվյալներով՝ ձերբակալվածների թիվը անցել է 3 տասնյակը:
Երեկ մարոկկացիները Կատարում կայացած աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի խաղում 1:0 հաշվով հաղթել են Պորտուգալիայի հավաքականին: Մարոկկոյի ֆուտբոլի հավաքականն այդպիսով դարձավ պատմության մեջ առաջին աֆրիկյան թիմը, որին հաջողվեց դուրս գալ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ: