Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթանում է «Դան Կոլով – Նիկոլա Պետրով-2023» միջազգային մրցաշարի երրորդ օրը, որին մասնակցում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը:
Ինչպես հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից՝ այսօր Բուլղարիայում իրենց ելույթներն են սկսել Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Մալխաս Ամոյանը (77 կգ): Երկուսն էլ դուրս են եկել մրցաշարի եզրափակիչ: Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանն բրոնզե մեդալ է նվաճել։
Ինչպես հայտնում է vahesport.ru-ն՝ Սլավիկ Գալստյանը (67 կգ) որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթել է Կարլ Ուելքոմին (ԱՄՆ), այնուհետեւ 8:4 հաշվով հաղթել է Արթուր Պոլիտաեւին (Ուկրաինա), իսկ կիսաեզրափակիչում 9:5 հաշվով հաղթել է Ֆուրկան Յըլդըզին (Թուրքիա):
Մալխաս Ամոյանը (77 կգ) որակավորման փուլում 10:1 հաշվով հաղթել է Շու Յամադին (Ճապոնիա), քառորդ եզրափակիչում 9:3 հաշվով հաղթել է Ահմեթ Յըլմազին (Թուրքիա), իսկ կիսաեզրափակիչում 6:1 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող ադրբեջանցի Էլմար Նուրալիևին: