10 տարվա դադարից հետո Երևանում անցկացվել է «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը, որին տարբեր տարիքային խմբերում Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից և Արաբական Միացյալ էմիրություններից շուրջ 80 մարզիկ է մասնակցել, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
«Հայկի նետեր» միջազգային մրցաշարն անցկացվել է 4 տարիքային խմբերում: Մինչև 12 տարեկան մարզիկները մասնակցել են 18 մետր, մինչև 16 տարեկան մարզիկները՝ 40 մետր, մինչև 20 տարեկան մարզիկները՝ 60 մետր, իսկ 21 տարեկանից բարձր մարզիկները՝ 70 մետր մրցաձևերում:
Մեծահասակաների 70 մետր մրցաձևում հաղթողի կոչմանն արժանացել է Վասիլ Շահնազարյանը, արծաթե մեդալակիր է դարձել վրացի Ջավա Մաշեշվիլին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ամիր Սանդուևը Ղազախստանից: Աղջիկների անհատական պայքարում հաղթող է ճանաչվել Ղազախստանի ներկայացուցիչ Մաբինա Զոյիմավան, երկրորդ տեղը գրավել է Չիկո Բուտկարաձեն Վրաստանից, իսկ երրորդ տեղում Հայաստանի ներկայացուցիչ Արփի Վարդանյանն է:
Մեծահասակների շրջանում անցկացվել են նաև թիմային մրցումներ: 70 մետր մրցաձևի տղաների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է «Երևան 1» թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է «Երևան 2»-ը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ղազախստանի երկրորդ թիմը: Աղջիկների պայքարում թիմային առաջին տեղը զբաղեցրել է հայ և վրացի մարզիկներից կազմված թիմը, երկրորդ և երրորդ տեղերը գրավել են Ղազախստանի առաջին և երկրորդ թիմերը համապատասխանաբար:
ԿԳՄՍՆ-ն հայտնում է, որ Հայաստանի նետաձգության հավաքականը նոյեմբերին, ամենայն հավանականությամբ, միջազգային մրցաշարի կմասնակցի Տաջիկստանում, իսկ դեկտեմբերին՝ Ռուսաստանում: