Դեկտեմբերի 7-ին կայացել է ՈՒԵՖԱ Ռեգիոնների գավաթի նախնական և որակավորման փուլերի վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանը կմասնակցի ՈՒԵՖԱ Ռեգիոնների գավաթին, հայտնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան։
«Հայաստանը, որպես ցածր վարկանիշ ունեցող երկիր, ընդգրկված էր նախնական փուլի մասնակիցների շարքում: Վիճակահանության արդյունքում Հայաստանը ներկայացնող թիմը (կոնկրետ թիմը պարզ կդառնա ավելի ուշ) ընդգրկվել է նախնական փուլի A խմբում, որտեղ կմրցի Էստոնիայի և Ալբանիայի թիմերի հետ: Մրցաշարը կկայանա 2024թ. մայիսին՝ Ալբանիայում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախնական փուլը հաղթահարելու դեպքում Հայաստանը ներկայացնող թիմը որակավորման փուլում կընդգրկվի 5-րդ խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Չեխիայի, Բոսնիա և Հերցեգովինայի և Շոտլանդիայի թիմերը:
ՈՒԵՖԱ Ռեգիոնների գավաթը մրցաշար է, որին մասնակցում են ՈՒԵՖԱ անդամ ասոցիացիաների տարբեր մարզեր ներկայացնող սիրողական թիմեր: Հայաստանը կմասնակցի այս մրցաշարին 2010/2011 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ: