ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին վերընտրվելու առթիվ և հույս հայտնել, որ Մելիքբեկյանը կշարունակի ջանքերը Հայաստանում ֆուտբոլի արդյունավետությունը բարձրացնելու համար, հայտնում է ՀՖՖ-ն։
Ուղերձում Չեֆերինը շնորհավորել է Մելիքբեկյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
«Հաստատ գիտեմ, որ Դուք ձգտելու եք շարունակելու Ձեր արդյունավետ աշխատանքը՝ ղեկավարելով այս աշխատասեր և հաջողակ ասոցիացիան: Ձեր մեծ փորձը սպորտի զարգացման հարցում մեծ առաջընթաց է բերել հայկական ֆուտբոլին շատ տարբեր ոլորտներում՝ ազգային թիմեր, ակումբներ, մանկապատանեկան ֆուտբոլ, մասսայական ֆուտբոլ և համայնքային ծրագրեր, ինչպես նաև ենթակառուցվածքների շինարարություն՝ ապահովելով հասանելիություն և խրախուսելով նոր մասնակցություն և աջակցություն»,- ասված է ուղերձում:
Չեֆերինն ընդգծել է, որ ՈՒԵՖԱ-ն Հայաստանի կողքին է՝ տեսնելով, որ ՀՖՖ-ն է՛լ ավելի մեծ քայլեր է ձեռնարկում իր ողջ ներուժն օգտագործելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Մելիքբեկյանը վերընտրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Պաշտոնին հավակնում էր նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։ Ձայները բաշխվել էին 20։3 հարաբերակցությամբ՝ հօգուտ Մելիքբեկյանի։