Հայաստանի հրաձգության հավաքականը փետրվարի 24-ից մարտի 3-ը Հունգարիայի Գյոր քաղաքում կմասնակցի հրաձգության Եվրոպայի առաջնությանը, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Տարվա կարևորագույն մրցաշարում թիմին կուղեկցեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։
ՀՀ թիմը մրցավայր կմեկնի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ։ Հունգարիայում մեծահասակների 10 մ․ օդամղիչ հրացան մրցաձևում Հայաստանը կներկայացնի Հրաչ Բաբայանը, իսկ 10 մ․ օդամղիչ ատրճանակում՝ Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը, Գևորգ Մելքոնյանը և Նորայր Առաքելյանը։
Երիտասարներից 10 մ․ օդամղիչ ատրճանակ մրցաձևում Հայաստանը կներկայացնեն Նարե Գաբրիելյանը, Էդիտա Մանուչարյանը, Գոռ Մանուչարյանը և Գրիգոր Պողոսյանը:
Մրցաշարը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր մրցաձևում կխաղարկվի օլիմպիական 2 ուղեգիր։
Ինչպես հայտնում են գերատեսչությունից, Եվրոպայի առաջնությանն ընդառաջ՝ Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Լեհաստանի Վրոցլավ քաղաքում։