Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում իր երկրորդ հաղթանակն է գրանցել 57 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը, առաջին հաղթանակը՝ 71 կգ քաշային Մարատ Միքայելյանը, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Առստամյանը Կոսովոյի ներկայացուցչին հաղթել է ժամանակից շուտ։ Հայ բռնցքամարտիկի ուժգին հարվածաշարից հետո երկրորդ ռաունդում մրցակիցը արնահոսել է, և մրցավարը դադարեցրել է մենամարտը` հաղթանակը շնորհելով Առստամյանին։ Նա պայքարը կշարունակի 1/4 եզրափակչում։
Միքայելյանն առավելության է հասել իսպանացի Խոսե Լուիս Սաեզի նկատմամբ։ 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը նոկդաունի է ենթարկել մրցակցին։
Ապրիլի 8-ին Առստամյանը Եվրոպայի առաջնությունում հաղթել էր Իսրայելի ներկայացուցիչ Իդան Պերչասովին։ Մրցաշարը մեկնարկել է ապրիլի 2-ին և կտևի մինչև ապրիլի 15-ը։