Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը պատմել է իր ելույթի մասին։
«Շատ երկար ու դժվար ճանապարհ անցանք այս մեդալը նվաճելու համար, բայց չեմ հանձնվելու ու կպատրաստվեմ մյուս օլիմպիական խաղերին, որ ոսկե մեդալով վերադառնամ իմ հայրենիք։ Շնորհակալ եմ իմ մարզիչներին որ իմ կողքին կանգնած են։ Աստված առաջ»,- գրել է նա։
Դավթյանը շնորհակալություն է հայտնել իր մարզիչներին։
«Ոսկե մեդալ նվաճելու միակ տարբերակս այն կլիներ, որ երկու ցատկերիս վերջնամասում քայլ չանեի, մաքուր կանգնեի: Ֆիլիպինցի մարմնամարզիկի ցատկերից մեկն իմ ցատկերից չորս տասնորդական բարդ էր: Իսկապես նա շատ լավ ցատկեց: Նրան հաղթելու իմ միակ հնարավորությունն այն էր, որ պետք է գայի, կանգնեի ու քայլ չանեի երկու ցատկերի դեպքում էլ»,- նշել է Դավթյանը։
Դավթյանն օգոստոսի 4-ին Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր դարձել։ Հենացատկի եզրափակչում նա վաստակել էր 14 966 միավոր։ Ոսկե մեդալը նվաճել էր Ֆիլիպինների ներկայացուցիչ Կառլոս Ադրիել Յուլոն, իսկ խաղերի բրոնզե մեդալակիրը Մեծ Բրիտանիայից ժամանած մարմնամարզիկ Հարրի Հեփվորթն էր։ Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը Օլիմպիական խաղերում օղակների վարժությունում զբաղեցրել էր 6-րդ տեղը։
Օլիմպիական խաղերը Փարիզում անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանից խաղերին մասնակցում է 15 մարզիկ։ Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները, հաղթահարելով որակավորման փուլը, հուլիսի 27-ին անցել էին Օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլ։