Ինձ մոտ միայն ոսկե մեդալն է պակասում, ամեն ինչ կանեմ, որ դա էլ լրացնեմ։ Այս մասին Armenia Today-ի հարցին ի պատասխան Զվարթնոց օդանավակայանում ասել է Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։
Մարզասերները մարմնամարզիկներ Արթուր Դավթյանին և Վահագն Դավթյանին դիմավորել են աղուհացով, զուռնա-դհոլով ու ազգային պարերով։
Լրագրողների հետ զրույցում օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը նշել է, որ սկզբում մի փոքր տխուր էր, որովհետև շատ մեծ էր ոսկի նվաճելու ցանկությունը։ Նա միաժամանակ նշել է, որ ուրախ է իր արդյունքը բարելավելու համար։ Տոկիոյում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ հայ մարմնամարզիկը բրոնզե մեդալ էր նվաճել։
«Բայց սպորտ է, ամեն ինչ էլ կարող էր լիներ, կարող էի տեղ էլ չգրավել, այս դեպքում արդյունքս ավելի բարելավեցի՝ բրոնզից դեպի արծաթ, Ամերիկայում կայանալիք Օլիմպիական խաղերում արդեն ոսկի կնվաճեմ։ Աստծո կամքով ամեն ինչ կանեմ»,- ասել է նա։
Հայ մարզիկը նշել է, որ Փարիզում էլ կային ոսկե մեդալ նվաճելու շանսեր, բայց խանգարել է ցատկի բարձրությունը։ Նրա խոսքով՝ ավելի շատ պետք է աշխատի արդյունքը բարելավելու համար։
«Այս պարագայում, կարծում եմ, չհերիքեց իմ ցատկի բարձրությունը, որովհետև ֆիլիպինցու ցատկը չորս տասնորդականով իմից բարձր էր։ Նաև ֆիլիպինցու երկրորդ ցատկը բարձր դրեցին․ դա միայն ես չէի ասում, միայն մեր մարզիչները չէին ասում»,- մանրամասնել է նա։
Նա նաև նշել է, որ զգացել է հայ երկրպագուների աջակցությունը և ուրախ է մեդալով հայրենիք վերադառնալու համար։
«Շատ մարդ կար, սպորտսմեններ էլ կային, իմ եղբայրներն էին Գերմանիայից եկել։ Ուրախալի է, որ տեսնում ես քո եղբայրները, հարազատները այնտեղ են»,- ասել է մարզիկը։
Դավթյանը հավելել է, որ հետևում է մյուս հայ օլիմպիականների ելույթներին և նրանց հաղթանակ է մաղթել։
Դավթյանն օգոստոսի 4-ին Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր դարձել։ Հենացատկի եզրափակչում նա վաստակել էր 14 966 միավոր։ Ոսկե մեդալը նվաճել էր Ֆիլիպինների ներկայացուցիչ Կառլոս Ադրիել Յուլոն, իսկ խաղերի բրոնզե մեդալակիրը Մեծ Բրիտանիայից ժամանած մարմնամարզիկ Հարրի Հեփվորթն էր։ Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը Օլիմպիական խաղերում օղակների վարժությունում զբաղեցրել էր 6-րդ տեղը։
Օլիմպիական խաղերը Փարիզում անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանից խաղերին մասնակցում է 15 մարզիկ։ Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները, հաղթահարելով որակավորման փուլը, հուլիսի 27-ին անցել էին Օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլ։
Մանրամասները՝ տեսանյութում։