Փարիզի Օլիմպիական խաղերում այսօր պայքարի դուրս կգան Հայաստանի վերջին 3 ներկայացուցիչները, տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի ժամանակացույցից։
Երևանի ժամանակով 13։30-ին մրցահարթակ դուրս կգան ծանրորդ Գարիկ Կարապետյանը (102 կգ) և ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ)։
Երևանի ժամանակով 22:30-ին մեդալային պայքարին կներգրավվի Վարազդատ Լալայանը (+102 կգ)։
Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 3 մեդալ։ Օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Օլիմպիական խաղերի մրցապայքարի եզրափակչում պարտվել էր իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիին և դարձել արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվում են Ֆրանսիայում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Վաղը տեղի կունենա Օլիմպիադայի փակման արարողությունը։