Հայ ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը դուրս է եկել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
65 կգ քաշային Թևանյանը 1/8 եզրափակչում 11։0 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Գոդերջի Ձեբիսաշվիլիին։ Քառորդ եզրափակչում Թևանյանի մրցակիցն Օլիմպիական խաղերի գլխավոր ֆավորիտներից մեկն է՝ 2021 թվականի աշխարհի առաջնության մեդալակիր և Ասիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, մոնղոլ Տուլգա Թումուր Օչիրը։
Փարիզի Օլիմպիադան Թևանյանի համար երկրորդն է։ 24-ամյա ըմբիշը Եվրոպայի չեմպիոն է և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 3 մեդալ։ Օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Օլիմպիական խաղերի մրցապայքարի եզրափակչում պարտվել էր իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիին և դարձել արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվում են Ֆրանսիայում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Վաղը տեղի կունենա Օլիմպիադայի փակման արարողությունը։