Աշխարհի առաջնությունների կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, կրկնակի արծաթե մեդալակիր, բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել։ Նա երկամարտում գրանցել է 467 կգ (215+252) արդյունք:
Առաջին տեղում է Վրաստանը ներկայացնող Լաշա Տալախաձեն։ Երրորդ տեղում է Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը։
Հիշեցնենք՝ հայ ծանրորդ Գարիկ Կարապետյանը (102 կգ) Օլիմպիական խաղերում գրավել է չորրորդ տեղը: Երկամարտում նա 398 կգ (186+212 կգ) արդյունք էր գրանցել:
Օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Օլիմպիական խաղերի մրցապայքարի եզրափակչում պարտվել էր իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիին և դարձել արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվում են Ֆրանսիայում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Վաղը տեղի կունենա Օլիմպիադայի փակման արարողությունը։