Փարիզի Օլիմպիական խաղերում մեր փոքր Հայաստանը ներկայացավ արժանապատվորեն ու հավասարի պես մրցեց աշխարհի ուժեղագույնների հետ, ցավոք, տեղ գտան նաև նկատելի մրցավարական անարդարություններ, Facebook-յան իր էջում գրել է Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը հայ օլիմպիականների հետ լուսանկար է հրապարակել։
«Ցավոք, այդ նկատելի մրցավարական անարդարություններից տուժեցին շատ մարզիկներ, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող»,- նշել է ՀԱՕԿ նախագահը։
Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանը ներկայացրած մարզիկներին։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին, մեր պատվիրակության բոլոր անդամներին։ Կատարված էր շատ մեծ ծավալի աշխատանք, որը, սովորաբար, աննկատ է մնում մարզասերների և հասարակության համար։ Շնորհակալություն մեր մարզիկներին՝ այս դժվար օրերին մեր ժողովրդին ուրախության, հպարտության րոպեներ պարգևելու համար։ Մեր ժողովուրդն իսկապես ունի դրա կարիքը, և դուք դա արեցիք պատվով»,- հավելել է Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ աշխարհի հայության շունչն զգացվում էր Փարիզում և ուժ էր տալիս մարզիկներին ու թիմին։
«Ունեցանք 3 արծաթե, 1 բրոնզե մեդալ, և բոլորի աչքի առաջ էր, որ կարող էինք ունենալ ավելին։ Մի դեպքում մարզական բախտը չժպտաց, այլ դեպքում՝ մրցավարական որոշումները։ Մեր մարզիկներից ոմանք դեռ շատ երիտասարդ են, նոր են սկսել իրենց մարզական ընթացքը, և դեռ մեզ ցույց են տալու իրենց լավագույն արդյունքները։ Փարիզի խաղերի ընթացքը և արդյունքները մեր թիմերը կօգտագործեն որպես կարևորագույն փորձ՝ շարունակության համար։ Կյանքը առաջ է գնում, և վաղվանից սկսվում են Լոս Անջելես-2028-ի նախապատրաստական աշխատանքները։ Պետք է անել ամեն ինչ, որ այդ ժամանակ ունենանք ավելի հզոր պետություն, ավելի հաշտ հասարակությու, ու ավելի մեծաթիվ ու ուժեղ օլիմպիական հավաքական»,- եզրափակել է ՀԱՕԿ նախագահը։
Օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Օլիմպիական խաղերի մրցապայքարի եզրափակչում իր տեղը զիջել էր իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիին և դարձել արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։ Օգոստոսի 11-ին ծանրորդ Վարազդատ Լալայանն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր դարձել։
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվեցին հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։