Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանին ուղղված պատասխան նամակում նշել է, որ Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի և իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիի եզրափակիչ գոտեմարտը մրցավարները ճիշտ են դատել, որից հետո ՀՀ-ն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին, ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Նա տեղեկացրել է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն դիմել է ՄՕԿ-ին՝ կցելով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի բողոքարկումը և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանը։
«ՄՕԿ-ից առաջին արձագանքը հետևյալն էր՝ «Ի լրումն ուղարկեք, թե որ դրվագում կոնկրետ ինչն է բողոքարկվում»: Առաջիկա մեկ-երկու օրերին հավելյալ փաստեր կուղարկվեն բողոքարկման հանձնաժողով: Մենք ունենք տեսագրություններ, որտեղ նույն դրվագի համար՝ այլ գոտեմարտում, գորգից դուրս եկողին զգուշացրել են, իսկ հակառակորդին տվել են միավոր: Այսինքն՝ ունենք փաստ, որ Ալեքսանյանի դեպքում դրսևորվել է ճիշտ հակառակ վերաբերմունք: Առավել քան վստահ ենք՝ Ալեքսանյանն այդ գոտեմարտում չէր պարտվի: Պայքարելու ենք մինչև վերջ, հույս ունեմ, որ ազնիվ կգտնվեն, և արդարությունը կվերականգնվի»,- ասել է Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն Օլիմպիական խաղերում Հայաստանի արդյունքները բավարար է գնահատել։ Նա հավելել է, որ Լոս Անջելեսի 2028-ի Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջընթաց կունենա։
«ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն ու մշակած ռազմավարությունը չեն կարող արագ արդյունք տալ: Սպորտում այսօրվա ներդրումը վաղը մեդալի չի վերածվում. դրա համար ժամանակ է պահանջվում: Կառավարության կողմից սպորտի ոլորտում վարվող քաղաքականության արդյունքն այս պահին ավելի տեսանելի է պատանեկան և երիտասարդական առաջնություններում՝ դատելով մեդալներից: Վստահ եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, և Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում կունենանք հստակ առաջընթաց: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կունենանք մասնագիտական վերլուծություններ, քննարկումներ, իսկ հետո կաշխատենք ֆեդերացիաների հետ՝ նախապատրաստվելով հաջորդ խաղերին»,- հավելել է Գիլոյանը:
ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանի դրոշակակիրն Ալեքսանյանն էր: Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում կմեկնարկեն Պարալիմպիկ խաղերը, որին Հայաստանն առաջին անգամ վարկանիշ նվաճած ներկայացուցիչներ կունենա: Նրա խոսքով՝ խաղերին կմասնակցեն Հայաստանի ազգային Պարալիմպիկ հավաքականի մարզիկներ Գրետա Վարդանյանը (պարածանրամարտ), Սմբատ Կարապետյանը (սայլակավազք) և Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում):
Օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Օլիմպիական խաղերի մրցապայքարի եզրափակչում իր տեղը զիջել էր իրանցուն ու դարձել արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։ Օգոստոսի 11-ին ծանրորդ Վարազդատ Լալայանն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր դարձել։
ԿԳՄՍ նախարարությունն օգոստոսի 9-ին հայտնել էր, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Ալեքսանյանի գոտեմարտի արդյունքները։ Գիլոյանը տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը ևս կմիանա բողոքարկման գործընթացին:
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվեցին հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։