Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի մարզիկներին, նրանց մարզիչներին և ֆեդերացիաների ղեկավարներին և շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի համար, հայտնում են կառավարությունից։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր նվիրումի, ձեր ելույթների, ձեր ջանքի համար: Կարծում եմ՝ գիտեք և պատկերացնում եք, թե մենք բոլորս ինչպիսի մեծ հուզումով ենք սպասել լուրերի»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետը հորդորել է վերլուծել Փարիզի Օլիմպիական խաղերում կատարված աշխատանքը՝ հաջորդ Օլիմպիադային ավելի լավ պատրաստվելու համար։
«Իհարկե, բոլորս հույս ունեինք, որ Օլիմպիական ոսկիներ կունենանք, բայց սպորտը սպորտ է։ Մենք պետք է ճիշտ վերաբերմունք ձևավորենք այս իրադրության նկատմամբ, վերլուծենք նախորդ շրջանում մեր կատարած աշխատանքը, հասկանանք՝ ի՞նչն է արդյունավետ, ի՞նչն է պակաս արդյունավետ, ի՞նչն ենք ճիշտ արել, ի՞նչը սխալ և պատրաստվենք հաջորդ Օլիմպիական խաղերին»,- հավելել է նա։
Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունն աշխատում է հայկական սպորտի ֆունդամենտալ խնդիրներից մեկի՝ մարզական ենթակառուցվածքների բացակայության կամ ցածր որակի խնդիրը լուծելու համար:
«Ուրախությամբ պիտի ասեմ, որ այսօր մեծ մասշտաբի մարզական ենթակառուցվածքներ են ստեղծվում, այդ թվում՝ ոլորտի հայտնի մարզիկների հետ համագործակցված»,– ասել է Փաշինյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի Հայաստանի մարզիկները միջազգային մրցաշարերում արդեն իսկ նվաճել են 224 մեդալ, ու դեռևս մինչ տարեվերջ սպասվում են բազմաթիվ մրցաշարեր։
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվել էին Ֆրանսիայում՝ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանից խաղերին մասնակցել էր 15 մարզիկ։
Փարիզի Օլիմպիական խաղերում օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Օլիմպիական խաղերի մրցապայքարի եզրափակչում իր տեղը զիջել էր իրանցուն ու դարձել արծաթե մեդալակիր։
Օգոստոսի 7-ին 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։ Օգոստոսի 11-ին ծանրորդ Վարազդատ Լալայանն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր դարձել։
ԿԳՄՍ նախարարությունն օգոստոսի 9-ին հայտնել էր, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Ալեքսանյանի գոտեմարտի արդյունքները։ Օգոստոսի 12-ին գոտեմարտի արդյունքների հարցով Հայաստանը դիմել էր ՄՕԿ-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։