Հայաստանը ներկայացնող Լիանա Գյուրջյանը (87 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում, հայտնում է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան։
Նա գրանցել է 230 կգ արդյունք (100+130)։ Պոկում և հրում վարժություններում ևս Գյուրջյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ Մարգարիտա Առաքելյանը 214 կգ (93+121) արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։
Առաջնությունը մեկնարկել էր հոկտեմբերի 26-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 3-ը։
Մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալներ էին նվաճել Հայաստանի ներկայացուցիչներ Ալեքսանդր Լազարյանը (102 կգ),Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը դարձել էր արծաթե մեդալակիր, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը՝ բրոնզե։
Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում չեմպիոններ էին հռչակվել 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը և 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը։ Միլենա Խաչատրյանը (81 կգ) առաջնությունում արծաթե մեդալ էր նվաճել։ 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը և 89 կգ քաշային Մնացական Աբրահամյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ։