Հայաստանը ներկայացնող Գարիկ Կարապետյանը (109 կգ) դարձել է Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Պոկում և հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալների:
Առաջնությունը մեկնարկել էր հոկտեմբերի 26-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 3-ը։
Մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալներ էին նվաճել Հայաստանի ներկայացուցիչներ Ալեքսանդր Լազարյանը (102 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը դարձել էր արծաթե մեդալակիր, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը՝ բրոնզե։
Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում չեմպիոններ էին հռչակվել 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը, 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը, 87 կգ քաշային Լիանա Գյուրջյանը։ Միլենա Խաչատրյանը (81 կգ) և Մարգարիտա Առաքելյանն (87 կգ) առաջնությունում արծաթե մեդալներ էին նվաճել։ 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը և 89 կգ քաշային Մնացական Աբրահամյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ։