Ռուսաստանում կորոնավիրուսով մեկ օրվա ընթացքում առողջացած հիվանդների թիվն ավելի մեծ է, քան մեկ օրվա ընթացքում հայտնաբերված վարակման դեպքերի առավելագույն քանակը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ օպերատիվ շտաբի տվյալներին։
Երկրում վերջին մեկ օրում ապաքինվել է 12 331 մարդ, ինչը գրեթե 40 տոկոսով գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանվել է մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 20-ին:
Ընդ որում, արդեն 11 օր անընդմեջ Ռուսաստանում մեկ օրում վարակի ոչ ավելի, քան 10 հազար նոր դեպք է հաստատվում։
Շտաբը հայտնել է, որ վերջին մեկ օրում հաստատվել է 8 915 վարակվածության դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 362 342։
Նշենք, որ վարակվածների թվով Ռուսաստանը երրորդ տեղում է աշխարհում՝ Միացյալ Նահանգներից և Բրազիլիայից հետո։