Վլադիվոստոկում տեղի է ունեցել տրանս-խաղաղօվկիանոսային տանկերին հայ և խորհրդային կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի անվան շնորհման հանդիսավոր արարողությունը:
Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։ Նշվում է, որ արարողությունը տեղի է ունեցել անվանի կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակին ընդառաջ:
Ելույթ ունենալով հանդիսավոր արարողությանը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը շնորհակալություն է հայտնել անվանի կոմպոզիտորի հիշատակին նվիրված նախաձեռնության հեղինակներին:
ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը նշում է, որ Առնո Բաբաջանյանը մեր օրերում մնում է հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ, իսկ նրա երաժշտական ժառանգությունը հանդիսանում է Հայաստանի, Ռուսաստանի և նախկին խորհրդային հանրապետությունների մշակութային սեփականությունը:
Բացման արարողությանը մասնակցել են Պրիմորիե երկրամասի կառավարության փոխնախագահ Ելենա Բրոննիկովան, Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանցը, Կամչատկայի երկրամասում «Ռուսաստանի հայերի միության» տարածաշրջանային միավորման ղեկավար Արթուր Խաչատրյանը և այլք:
Միջոցառումը շարունակվել է համերգային ծրագրով, որի շրջանակներում Նևելսկու անվան ծովային համալսարանի էստրադային նվագախումբը (դիրիժոր՝ Անատոլի Յակիմենկո) կատարել է Առնո Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները։