Եվրոպական հանձնաժողովը պետք է ստեղծի մեխանիզմ, որը հնարավորություն կտա 2021թ. գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութեր տրամադրել Արևելյան գործընկերության երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Մոլդովային և Ուկրաինային:
Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է Եվրոպական Միության 13 երկրի Արտաքին գործերի նախարարների նամակում:
«Մենք Եվրոպական հանձնաժողովին կոչ ենք անում ստեղծել աջակցության մեխանիզմ, ինչպիսին արդեն գործում է Արևմտյան Բալկանների երկրների համար: Մենք պետք է դյուրացնենք կորոնավիրուսի պատվաստանյութերի ձեռքբերումը Արևելյան գործընկերության երկրների համար»,- ասված է նամակում:
Եվրոպական հանձնաժողովին ուղղված նամակը ստորագրել են Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրների, ինչպես նաև Շվեդիայի, Դանիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները:
Ավելի ուշ ԵՀ-ն հաստատել է ԵՄ 13 երկրների ԱԳ նախարարների նամակի ստացումը և կպատասխանի դրան, երբ ժամանակը գա:
Այս մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Անա Պիզոնյերոն։
Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների պլանային գագաթնաժողովը նախատեսված էր 2021 թվականի մարտին, սակայն, հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը, կարող է հետաձգվել մինչև ամառ: