Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ում գրել է, որ Եվրամիությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով և պատրաստ է օգնության ձեռք մեկնել։
Արդեն մի քանի օր է` Երասխի սահմանագոտում կրակոցներ են հնչում: Հայաստանի ու Նախիջեւանի սահմանի տվյալ հատվածում հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը։ Հուլիսի 19-ին ադրբեջանական զինուժը նաև ականանետներ է կիրառել:
«Մենք կրկնում ենք զսպվածության, ուժերը հետ քաշելու և սահմանային հարցերի շուրջ կառուցողական երկխոսություն սկսելու մեր կոչը։ ԵՄ-ն պատրաստ է օգնել կողմերին»,- նշել է Կլաարը։
Նշենք, որ օրերս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այցելել էր Երևան և Բաքու։ Նա Ադրբեջանում հայտարարել էր, որ Եվրամիությունն անհրաժեշտության դեպքում պատրաստ է սահմանազատման հարցում աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին: Նրա խոսքով` ԵՄ-ն կարող է իր փորձագետներին ուղարկել և իրադրության մոնիթորինգ իրականացնել: