Շվեդիայում երկու բանտարկյալ պահակին 9 ժամ պատանդ են պահել։ Տղամարդիկ պատիժը խիստ ռեժիմով են կրում։ Այս մասին գրում է Aftonbladet-ը։
Կալանավորներին հաջողվել է մտնել պահակախմբի սենյակ։ Պարբերականի տեղեկություններով՝ նրանք զինված են եղել ինքնաշեն զենքով՝ ատամի խոզանակներին ամրացված ածելիներով։ Իրավիճակը կարգավորելու համար բանտ են ուղարկել բանակցողներին։
Aftonbladet-ի տեղեկություններով՝ մյուս կալանավորները բանտարկյալներին կոչ են արել հանձնվել։ Թերթի աղբյուրները պնդում են, որ որպես փրկագին՝ իրենք սկզբում ուղղաթիռ են պահանջել, բայց բանակցություններից հետո համաձայնել են 20 պիցցայի՝ պահանջելով դրանք հասցնել իրենց և իրենց խցակիցներին։
Բանտարկյալները ստացել են իրենց պիցցան և ազատել պահակներին։ Արդյունքում ոչ ոք չի տուժել։