Իտալացի հրշեջները հայտնել են, որ հինգշաբթի գիշերը պայքարել են ավելի քան 500 բնական հրդեհների դեմ, որոնք չորս մարդու մահվան պատճառ են դարձել, հաղորդում են եվրոպական ԶԼՄ-ները:
Իտալիայի հրշեջ ծառայությունը հինգշաբթի առավոտյան հայտնել է, որ վերջին 12 ժամվա ընթացքում բախվել է 528 անտառային հրդեհների, որոնցից 230-ը բռնկվել է Սիցիլիա կղզում: Հաղորդվում է նաև Կալաբրիայի մարզում 100 հրդեհի օջախների մասին:
Վերջին օրերին Իտալիայում հաստատվել է հակացիկլոն, որը ստացել է «Լյուցիֆեր» անվանումը։ Սիցիլիա կղզում ջերմաստիճանը հասել է 48,8 աստիճանի, ինչը նոր ռեկորդ է դարձել Եվրոպայի համար:
Ըստ կանխատեսումների՝ անոմալ շոգը Իտալիայում կպահպանվի ևս մի քանի օրվա ընթացքում, ինչը կարող է հանգեցնել ավելի մեծ թվով հրդեհների առաջացմանը: Վերջին շաբաթներին կրակը տարածվել է երկրի հարավում գտնվող բազմաթիվ շրջաններում։
Բացի Իտալիայից, բնական հրդեհների հետ կապված բարդ իրավիճակ է ստեղծվում նաև Հունաստանում, Չեռնոգորիայում, Ալժիրում և Հյուսիսային Մակեդոնիայում։