Թուրքիայում՝ Սև ծովի ավազանում գտնվող Քասթամոնու և Սինոպ նահանգներում տեղատարափ անձրեւների եւ հեղեղումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 55-ի, հայտնում է «РИА новости»-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր մահվան 44 դեպքի մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեղեղումների հետևանքով տուժած հյուսիսային Քասթամոնու, Սինոպ և Բարթին շրջաններն աղետի գոտի է հայտարարել: Տուժել է 284 մարդ:
«Բնական աղետի հետևանքով 46 քաղաքացիներ մահացել են Քասթամոնուում, 8-ը՝ Սինոպում և 1-ը՝ Բարթինում: 9 մարդ շարունակում է բուժվել հիվանդանոցներում»,-ասվում է Թուրքիայի ԱԻ եւ տարերային աղետների հարցերով վարչության հաղորդագրությունում:
Աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, տարհանվել է ավելի քան 1700 մարդ: Շուրջ 300 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության: Մի շարք մայրուղիներում երթևեկությունն արգելափակվել է, փլուզվել են բազմահարկ շենքեր: