Աֆղանստանում օգոստոսի 15-ին ձևավորվել է իշխանության խաղաղ անցման համակարգող խորհուրդ։ Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Pajhwok գործակալությունը, խորհրդի խնդիրներն են «քաոսի կանխումը և մարդկանց տառապանքների նվազեցումը, խաղաղության և իշխանության խաղաղ անցման ապահովումը»:
Խորհրդի կազմում ընդգրկվել են նախկին նախագահ Համիդ Քարզայը, Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի ղեկավար Աբդուլա Աբդուլան և Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հեքմատիարը: Խորհուրդը նաև Աֆղանստանի կառավարության անվտանգության ուժերին և «Թալիբան» շարժման նրանց գործընկերներին կոչ է արել կարգավորել անվտանգությունն ու կանխել զինված բախումները Քաբուլում:
Ավելի վաղ Աբդուլա Աբդուլան հաստատել էր, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին լքել է երկիրը: Ենթադրվում է, որ նա մեկնել է Տաջիկստան՝ այնտեղից երրորդ երկիր հեռանալու մտադրությամբ։ Մինչդեռ, ինչպես հաղորդում է AP գործակալությունը, «Թալիբանը» մտադիր է մոտ ժամանակներս նախագահական պալատից հայտարարել «Աֆղանստան իսլամական էմիրություն» ստեղծելու մասին: Քաբուլում թալիբների հարձակման և Աֆղանստանի նախագահի փախուստի ֆոնին ԱՄՆ-ը հայտարարել է երկրի մայրաքաղաքի օդանավակայան մինչև 3 հազար զինվորական տեղափոխելու մասին՝ իր քաղաքացիների տարհանումն ապահովելու համար: