Պեկինի և Վաշինգտոնի հակամարտությունը կարող է վտանգել ոչ միայն երկու երկրներին, այլև ամբողջ աշխարհը: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ուրբաթ ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում։
«Չին-ամերիկյան համագործակցությունն օգուտ կբերի երկու կողմերին և ամբողջ աշխարհին, առճակատումը վտանգի կենթարկի երկու երկրներին և ամբողջ աշխարհին: Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը մի որոշակի ժամանակահատվածում լուրջ դժվարություններ է առաջացրել չին-ամերիկյան հարաբերություններում: Սա չի համապատասխանում երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին և աշխարհի բոլոր պետությունների ընդհանուր շահերին»,- ասել է Սի Ցզինպինը:
Նա նշել է, որ ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ աշխարհի ճակատագիրը կախված է նրանից, թե արդյոք Չինաստանը և ԱՄՆ-ը կարո՞ղ են բարելավել հարաբերությունները:
«Սա դարի հարցն է, որին պետք է պատասխանեն երկու պետությունները»,- ասել է Սի Ցզինպինը: