Ալեք Բոլդուինին Նյու Մեքսիկոյում ֆիլմի նկարահանումների ժամանակ տվել են ատրճանակ՝ լիցքավորված մարտական փամփուշտով: Բոլդուինը անգիտակցաբար կրակել է դեպի տեսախցիկը, պատահաբար սպանելով օպերատոր Գալինա Հաթչինսին և վիրավորելով ռեժիսոր Ջոել Սոուզային: Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Սանտա Ֆե շրջանի շերիֆ Այդան Մենդոզան, հայտնում է BBC-ն:
Շերիֆը հաստատել է, որ հնաոճ Colt 45-ը, որից կրակել է դերասանը, լիցքավորված է եղել մարտական փամփուշտով և հավելել է, որ կասկածներ կան, որ դա միակ դեպքը չէ նկարահանման հրապարակում:
«Մենք կիմանանք, թե ինչպես են այդ փամփուշտները հայտնվել այնտեղ, քանի որ դրանք այդտեղ չպետք է լինեին»,- ասել է շերիֆը։ Նա նշել է, որ ոստիկաններն առգրավել են ևս 500 պարկուճ, որոնցից մի քանիսը կարող է լինել իրական։ Գործի մեջ ներառված է նաև ռեժիսոր Սոուզայի ուսից վերցված կապարի փամփուշտ:
Ոչ ոքի դեռ մեղադրանք չի առաջադրվել, սակայն շրջանային դատախազ Մերի Քարմակ-Ալտվիսն ասել է, որ նկարահանող խմբի ցանկացած անդամի կարող է մեղադրանք առաջադրվել։
«Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները»,- ասել է Մերի Կարմակ-Ալտվիսը հնարավոր մեղադրանքների մասին: «Առայժմ մենք ոչ մեկին չենք բացառել»:
Շերիֆը հավելել է, որ հետաքննությունը դեռ վաղ փուլում է, ուստի վաղ է խոսել հնարավոր կասկածյալների, մեղադրանքների կամ ձերբակալությունների մասին:
Մինչ Բոլդուինի նկարահանումը, զենքը եղել է երկու հոգու ձեռքում՝ ռեժիսորի օգնական Դեյվ Հոլսի և հրացանագործ Հաննա Գուտիերես-Ռիդի ձեռքում:
Գուտիերես-Ռեյդն ասել է, որ նկարահանման հրապարակում գտնվող զենքերը պահվում էին չհրկիզվող պահարանում, որտեղ միայն մի քանի հոգի կարող էին մուտք գործել: Այնուամենայնիվ, փամփուշտները պահվել են հասարակական վայրում:
Ֆիլմի պրոդյուսերները և Բոլդուինը վարձել են իրավաբանական ընկերություն միջադեպն ինքնուրույն հետաքննելու համար: Դիտորդները, ընդհանուր առմամբ, քիչ հավանական են համարում, որ Բոլդուինը քրեական պատասխանատվության կենթարկվի:
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին։ Նկարահանող խումբն աշխատել է «Ժանգը» ֆիլմի նկարահանման վրա, որտեղ Ալեք Բոլդուինը ոչ միայն գլխավոր դերն է խաղում, այլև հանդես է գալիս որպես պրոդյուսեր։ Փորձերի ժամանակ նա կրակել է ատրճանակից՝ վիրավորելով ռեժիսոր Ջոել Սոուզային և օպերատոր Գալինա Հաթչինսին։ Նկարահանումները տեղի են ունեցել Նյու Մեքսիկո նահանգի ռանչոյում։ Ստամոքսից վիրավորված Հաթչինսին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել։