ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է սպանել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին՝ Իրաքում դեկտեմբերի վերջին ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակումից հետո, գրում Է Bloomberg գործակալությունը:
Այդ հարձակման հետևանքով զոհվել է մեկ ամերիկացի պայմանագրային զինծառայող։ Ըստ գործակալության՝ դրանից հետո Թրամփն իր խորհրդականներին հանձնարարել է սկսել ավիահարվածի մշակումը։ Նշվում է, որ դրանով զբաղվում էին Ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը, պետքարտուղար Մայք Պոմպեոն և փոխնախագահ Մայք Փենսը: Գործակալությունը պնդում Է , որ պլանները քննարկվել են կապի պաշտպանված ուղիներով, Սպիտակ տան մյուս աշխատակիցները տեղյակ չեն եղել հարվածի քննարկումների մասին:
Աղբյուրներից մեկի տվյալներով՝ ամերիկացի զինվորականներն ուղղակիորեն չեն հետևել Սոլեյմանիին։ Թրամփը հարվածի մասին որոշումը կայացրել է հետախուզության հասցրած այն տեղեկությունից հետո, թե գեներալը գտնվում է Բաղդադի օդանավակայանում։ Գործակալության մյուս երկու աղբյուրները հայտնել են, որ Սպիտակ տունը հստակ գիտեր Բաղդադում Սոլեյմանիի ժամանման ժամանակը և հետևել է նրա երթուղուն:
Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին զոհվել է Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի հրթիռային հարվածի հետևանքով: Գրոհն արտոնել Է Դոնալդ Թրամփը, որը գեներալին անվանել է «թիվ մեկ ահաբեկիչն աշխարհում»՝ նրան մեղադրելով ամերիկացի դիվանագետների և զինծառայողների վրա հարձակումներ նախապատրաստելու մեջ:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Ղասեմ Սոլեյմանիի մահվան համար։