Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեկտեմբերի 21-ին առաջին հեռախոսազրույցն է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել Է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը։
«Նախագահ Էրդողանը շնորհավորել է կանցլերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Երկուսն էլ համակարծիք էին Գերմանիայի և Թուրքիայի գործողությունները սերտորեն համակարգելու մտադրության հարցում։ Զրույցի ուշադրության կենտրոնում են եղել երկկողմ և արտաքին քաղաքական թեմաները», -գործակալությունը մեջբերում է Հեբեշթրայթի խոսքերը։
Ինչպես հաղորդում է «Anadolun» – ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչությունը, զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Գերմանիայի միջեւ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային թեմատիկան:
Նշվում է, որ Էրդողանը «վստահություն է հայտնել, որ առողջ դատողությունն ու ռազմավարական տեսլականը այսուհետ ևս կգերակշռեն երկու երկրների հարաբերություններում»: