ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունն այն մասին, որ ՀԱՊԿ-ի օգնությունը Ղազախստանին «հիշողություններ է առաջացնում այն իրավիճակների մասին, որոնցից պետք է խուսափել»՝ նշելով, որ պետք է խուսափել ծայրահեղականության սանձարձակությունից:
Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ղազախստանում ճգնաժամի լուծմանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ի օգնությունը Ղազախստանին «հիշողություններ է առաջացնում այն իրավիճակների մասին, որոնցից պետք է խուսափել»։
«Ասացվածք կա,որ կոտրված ժամացույցը օրը երկու անգամ ցույց է տալիս ճիշտ ժամանակը։ Բորելը ճիշտ է՝ պետք է խուսափել ծայրահեղականության սանձարձակությունից», – գրել է Զախարովան իր Telegram-ալիքում։
Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են 2022 թվականի առաջին օրերին։ Այդ օրերին Մանգիստաուի շրջանի՝ նավթարդյունահանող տարածաշրջանի Ժանաոզեն եւ Ակտաու քաղաքների բնակիչները դեմ էին հանդես եկել հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճին, այնուհետեւ բողոքի ակցիաները տարածվել էին այլ քաղաքներում: Ղազախստանում երկու շաբաթով արտակարգ դրություն է հայտարարվել։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնանկ է արել կառավարությանը և գլխավորել Հանրապետության Անվտանգության խորհուրդը ՝ այդ պաշտոնից հեռացնելով պետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին։