Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է երկրի բոլոր շրջաններում, տեղական իշխանությունները վերահսկում են իրավիճակը։ Այդ մասին ուրբաթ օրը TACC-ին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից՝ ահաբեկչության դեմ պայքարի շտաբի նիստից հետո:
«Հակաահաբեկչական գործողությունը սկսվել է. իրավապահ մարմինները քրտնաջան աշխատում են։ Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է հանրապետության բոլոր մարզերում։ Տեղական իշխանությունները վերահսկում են իրավիճակը։ Սակայն ահաբեկիչները շարունակում են զենք կիրառել և վնասել քաղաքացիների գույքը։ Հետևաբար, հակաահաբեկչական գործողությունները պետք է շարունակվեն մինչև զինյալների ամբողջական ոչնչացումը»,- ասել է Տոկաևը:
Ինչպես հայտնել են անվտանգության գերատեսչությունների ղեկավարները, ՀԱՊԿ-ի միացյալ խաղաղապահ կոնտինգենտի ստորաբաժանումները սկսել են ժամանել Ղազախստան՝ աջակցելու կարգուկանոնի վերականգնմանը։ Այս կոնտինգենտը ժամանել է սահմանափակ ժամկետով՝ հիմնականում ռազմավարական օբյեկտների ծածկման և պահպանության գործառույթներն իրականացնելու համար»,- պարզաբանել են մամուլի ծառայությունում։
Ղազախստանի նախագահը նաև մի շարք հրամաններ է արձակել երկրում իրավիճակի հետագա կայունացման համար:
Անցած գիշեր իրավապահները կանխել են Նուր-Սուլթան զենք ներկրելու մի քանի փորձ։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Khabar-24 հեռուստաալիքը՝ ոստիկանությանը հղումով։ Նրա խոսքով՝ ուժայինները կանգնեցրել են նաև մի քանի ավտոբուս՝ հիմնականում Ղազախստանի հարավային շրջանների երիտասարդներով։ Ոստիկանությունից հեռուստաալիքին հայտնել են, որ ավտոբուսների ուղևորները չեն կարողացել իրենց բացատրել մայրաքաղաք այցի նպատակը և բերման են ենթարկվել:
Ղազախստանում բողոքի ակցիաները մեկնարկել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները, որոնք գտնվում են նավթ արդյունահանող Մանգիստաու շրջանում, բողոքի ցույց են կազմակերպել մեքենաների համար օգտագործվող հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։ Էներգետիկայի հանրապետական նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից դրա արժեքը սկսել է ձևավորվել էլեկտրոնային բորսայում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա:
Չորրորդ օրը իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են կատարել ցուցարարների հիմնական պահանջը՝ նվազեցնել գազի գինը։ Չնայած դրան, բողոքի ցույցեր են սկսվել այլ քաղաքներում։ Տոկաևը չորեքշաբթի առավոտյան արձակել է կառավարությունը։ Նա նաև հայտարարել է, որ դառնում է Անվտանգության խորհրդի ղեկավար, որը նախկինում ղեկավարում էր հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
Տոկաևի խնդրանքով հանրապետություն են մտել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը։ Ռուսաստանը օդադեսանտային զորքեր է ուղարկել, նրանք կհսկեն կառավարական և վարչական շենքերը: Աջակցություն է ստացվել նաև կազմակերպության անդամ մյուս երկրներից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղրղզստանից և Տաջիկստանից: