ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն արձագանքել է հունվարի 28-ին ՌՀՄ երիտասարդական կենտրոնում տեղի ունեցած «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությանը:
Իր հայտարարության մեջ դիվանագիտական ներկայացուցչությունը մեկնաբանել է ցուցադրության շուրջ «արհեստական կրքեր բորբոքելու փորձերը»: Նշվում է, որ դեսպանատունը կապի մեջ է ինչպես «Ռուսաստանի հայերի միության», այնպես էլ ՌԴ տարածքում գործող այլ հայկական կազմակերպությունների հետ:
«Դեսպանությունը նաև ուշադրությամբ հետևում է մամուլի հրապարակումներին և իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի անկախության համար պայքարող Գ. Նժդեհի հիշատակը որոշ շրջանակների կողմից պղծելու փորձերի կապակցությամբ, որոնք շահագրգռված են հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների սևացմամբ», – ասված է հայտարարության մեջ:
Դեսպանատունը հայտարարել է, որ անթույլատրելի է համարում այս թեմայի շահարկումը և կոչ է արել զերծ մնալ բացահայտ կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց:
Հիշեցնենք, որ ՌՀՄ-ն իր հայտարարության մեջ հայտնել էր, որ Մոսկվայում «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունն անցել է առանց էքսցեսների։ Ավելի վաղ ռուսական մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ ֆիլմի ցուցադրությունը չի կայացել ռուս իրավապահների հայտարարությունից հետո: Այս տեղեկատվությունն ակտիվորեն տարածում էին նաև ադրբեջանական ԶԼՄ-ները և Telegram-ալիքները ։