Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, վկայակոչելով ԱԳՆ-ում իր աղբյուրը, Չավուշօղլուն իր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է «Կովկասում տեղի ունեցող վերջին իրադարձությունները և Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակվող գործընթացը»: Թուրք նախարարը նաև Բլինկենին հրավիրել է մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ բանակցությունների ընթացքում օրակարգում են եղել վերջին իրադարձությունները ՌԴ-ի և Ուկրաինայի միջև լարվածության շրջանակում, նախարար Չավուշօղլուն զրուցակցին տեղեկացրել է երկխոսության միջոցով ՌԴ-ի և Ուկրաինայի միջև լարվածությունը թուլացնելու Թուրքիայի նախաձեռնությունների մասին: